Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պարտադիր բաղադրիչը կասեցնելու վերաբերյալ որոշումից հետո քաղաքացիները պետք է պահանջեն նաեւ, որ իրենցից գանձված գումարները վերադարձվեն, չնայած նրանց փոխարեն ընտրվել են ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Քաղաքացիները պետք է հավաստեն, որ իրենց փոխարեն են ֆոնդ ընտրել եւ իրենցից անկախ պահումներ արել, եւ պահանջեն, որ վերահաշվարկ արվի եւ գումարները վերադարձվեն: Իհարկե, այս մասին նախագծում չկա, սակայն սա մարդու իրավունքն է, որը օրենքով կարգավորված է, նրանք կարող են պահանջել, որ վերադարձվի գումարը»,- ասաց նա:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի ներկայացրած նախագծին՝ իրավապաշտպանն ասաց. «Լրացուցիչ երաշխիք է, որ մարդկանց աշխատավարձին կամ սեփականության իրավունքին միջամտություն չի կարող լինել: Թեեւ այսպես էլ չէր կարող լինել, սակայն սա լրացուցիչ հոգեբանական երաշխիք է, որ տույժերի չեն ենթարկվի այն գործատուները, որոնք իրենց աշխատակիցներից չեն գանձի եւ չեն փոխանցի 5% պարտադիր վճարները»:

Հարցին՝ արդյոք կարելի է սա հաղթանակ համարել, Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք հաղթել են Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ին, եւ որ լավագույն տարբերակը կլիներ այն, ինչ-որ իրենք էին ներկայացրել դատարանին:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի՝ կուտակայինի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ օրենքն անփոփոխ է մնում եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը գանձվելու է 5% պարտադիր վճարները: Վարչապետ նշանակվելուց ընդամենը օրեր անց, սակայն, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է: Ապրիլի 28-ին կառավարության նախագիծը ներկայացվելու է խորհրդարանին: