Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ առողջապահության եւ քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին եւ ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:

Վարչապետ Աբրահամյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրանց հետ ծավալված համագործակցությունը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Դերենիկ Դումանյանի եւ Սամվել Թադեւոսյանի մասնագիտական գիտելիքները եւ փորձը ապագայում եւս կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը:

Այնուհետեւ ներկայացնելով ՀՀ առողջապահության եւ քաղաքաշինության նորանշանակ նախարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Արմեն Մուրադյանն աշխատել է առողջապահության ոլորտում, եւ համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ են ժամանակ եւ ռեսուրսներ առկա բոլոր խնդիրները միասին հաղթահարելու համար:

«Նարեկ Սարգսյանը բանիմաց է այս ոլորտում, քաջատեղյակ է քաղաքաշինական բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են մեր երկրում: Համոզված եմ, որ նորանշանակ նախարարը պատկերացնում է իր անելիքները եւ հույս ունեմ, որ անպայման փորձելու է իր գիտելիքները, փորձը ներդնել եւ իրականացնել մեր պայմանավորվածությունները», - ասել է կառավարության ղեկավարը:

 Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Մուրադյանին եւ Նարեկ Սարգսյանին առողջապահության եւ քաղաքաշինության նախարարների պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:

Արդեն նախկին նախարարներ Դերենիկ Դումանյանը եւ Սամվել Թադեւոսյանը շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին վստահության,  նախարարությունների աշխատակազմերին՝ համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նորանշանակ նախարարներին: