Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որպես սովորական լավատես քաղաքացի, Հայաստանի յուրաքանչյուր նոր կառավարությունից ակնկալում է դրական փոփոխություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ եթե հենց այդպես էլ լինի, շատ լավ կլինի բոլորիս, առաջին հերթին, ժողովրդի համար, եւ ինչու ոչ, նաեւ կառավարության համար: «Իսկ եթե ոչ, ապա կարծում եմ, որ այս կառավարությունը շատ ավելի վատ վերջ կունենա, քան Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Հնարավոր է, որ որոշ նախարարների փոփոխությամբ կառավարության քաղաքականությունը նույնպես փոխվի, սակայն այնքան էլ կարեւոր չէ, թե ինչ կփոխվի եւ ով կփոխի»,-ընդգծել է քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ եթե քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը իր գործը լավ անի, ինքն առաջինը կգովի նրան:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում ընդգրկվել են Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը (փոխարինել է Վահրամ Ավանեսյանին), ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը (փոխարինել է Դավիթ Սարգսյանին), կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը (փոխարինել է Վաչե Գաբրիելյանին), քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը (փոխարինել է Սամվել Թադեւոսյանին), առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը (փոխարինել է Դերենիկ Դումանյանին): ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պահկանել են իրենց նախարարական պաշտոնները: