ՀՀ կառավարությունը ցանկանում է օրինականացնել կենսաթոշակային համակարգում առկա թալանը, խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պարտադիր կենսաթոշակային վճարումները չկատարելու համար տուգանքները հանելու մասին («Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը դադարեցնելու մասին) օրինագծի քննարկման ընթացքում:
«ՍԴ-ն ապրիլի 2-ին խոստովանեց, որ կուտակային վճարումների գանձումը միջոցների բռնագրավում էր: Իսկ եթե սեպտեմբերի 30-ին ընդունվելիք օրենքը օրինականացնի՞ այդ բռնագանձումը: Ես հակվում եմ նրան, որ ձեր ծրագիրը հենց դա է: Բայց այդ դեպքում դուք ուղղակի կօրինականացնեք թալանը»,- հայտարարել է Զուրաբյանը:
Իր հերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ ՍԴ-ի որոշումները մեկնաբանելու իրավունք ոչ ոք չունի: «Միջոցների բռնագանձման մասին եւս խոսք չի կարող լինել: Մենք առաջարկում ենք օրենքում լուծումներ մշակել, որոնք կբավարարեն ՍԴ-ի նշած օրենսդրական պահանջները: Ընդ որում՝ մենք դա սեպտեմբերի 30-ից առաջ ենք ցանկանում անել եւ ցանկանում ենք անել ձեզ հետ միասին»,- հայտարարել է Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը օրենքի մի շարք դրույթներ ճանաչեց հակասահմանադրական, պահանջեց մինչեւ սեպտեմբերի 30-ն ուղղումներ կատարել օրենսդրությունում: Այնուհետ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունը հայտարարեց վճարումները կամավոր դարձնելու պատրաստականության մասին, իսկ նշված ժամկետում նոր օրենսդրություն նախապատրաստել:




























