Ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր կողմ կարող է Սահմանադրական դատարանի որոշումը յուրովի մեկնաբանել, խորհրդարանում ապրիլի 30-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցույթան անդամ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով ՍԴ ապրիլի 2-ի որոշմանը:

«Դուք ասում եք, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի կարելի մեկնաբանել: Սակայն այսպես թե այնպես, գործնականում ստիպված ենք լինում մեկնաբանել: Գործատուն իր մեկնաբանությունն է տալիս, կառավարությունն՝ իր», - նշել է ընդդիմադիրը: Ըստ նրա՝ կառավարությունն ավելի լավ ոչինչ չկարողացավ գտնել, քան Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի ընթացակարգային որոշմանն օրենքի ուժ տալը: «Մենք վերականգնում ենք այն իրավիճակը, որը տիրում էր մինչեւ ապրիլի 2-ը: Եվ դուք ինձանից ավելի լավ գիտեք, թե ինչպիսի տարընթերցումներ դա առաջացրեց», - նշել է Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչեց հակասահմանադրական, պահանջեց մինչեւ սեպտեմբերի 30-ն ուղղումներ կատարել օրենսդրությունում: Այնուհետ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունը հայտարարեց վճարումները կամավոր դարձնելու պատրաստականության մասին, իսկ նշված ժամկետում նոր օրենսդրություն նախապատրաստել: