Պետությունը չպետք է Հայաստանի քաղաքացու սեփականությունը տեխնիկական պայմաններից կախվածության մեջ դնի: Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով ՍԴ ապրիլի 2-ի վճիռը` կուտակային կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ:

«Հայաստանի կառավարությունը եւ խորհրդարանը, իրենց լիազորությունների շրջանակում, պետք է պաշտպանեն սեփականության` քաղաքացիների սահմանդրական իրավունքը եւ այն կախման մեջ չդնեն տեխնիկական պայմաններից»,- նշել է Արծվիկ Մինասյանը: Բացի այդ, նրա խոսքով, անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է աշխատողը պաշտպանել իր իրավունքը, եթե չի ցանկանում կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակիցը լինել:

Ի պատասխան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիշեցրել է, որ կուտակային վճարումներից հրաժարման դեպքում նախատեսված տուգանքները ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 30-ից: «Մենք ցանկանում ենք մերձեցնել տեսակետները, իրադրության տեսլականները` մինչ այդ օրենքում բոլորի կողմից ընդունելի ուղղումներ մտցնելու համար»,- հավաստիացրել է նախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ Սահմանադրությանը չհամապատասխանող էր ճանաչել եւ մինչեւ սեպտեմների 30-ը օրենսդրությունը փոխելու պահանջ ներկայացրել: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունը հայտարարել էր հիշյալ վճարումները ժամանակավորապես կամավոր սկզբունքով թողնելու եւ մինչ նշված վերջնաժամկետը նոր օրինագիծ մշակելու պատրաստակամության մասին: