Չեմ կարող համաձայնել այն հայտարարությունների հետ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը սկանդալների մեջ է հայտնվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հայտարարել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը՝ կապված Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալի հետ:

Աբրահամյանի խոսքով՝ չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանը որպես վարչապետ թերություններ է ունեցել, բայց ոչ երբեք սկանդալներ եւ նման ձեւակերպումներ օգտագործել պետք չի:

«Ես ինքս պատասխանատվություն եմ վերցնում այն աշխատանքի համար, որը կատարում եմ եւ կշարունակեմ այդպես վարվել նաեւ վարչապետի պաշտոնում»,-հայտարարել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել ապրիլի 3-ին, իսկ ապրիլի 13-ին Հայաստանի վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: