«Արմավիա» ավիաընկերությունը Երեւան-Աթենք-Երեւան չվերթն իրականացնում է շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին. երկուշաբթի օրվա մեր չվերթը հաջողությամբ իրականացվել է, այնպես որ Հունաստանում սկսված գործադուլները ոչ մի կերպ չեն ազդել մեր աշխատանքի վրա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

Նշելով, որ ավիաընկերության՝ դեպի Աթենք մոտակա չվերթն ուժի մեջ է եւ կիրականացվի մայիսի 7-ին, նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ Հունաստանում սկսված զանգվածային գործադուլները ավիաընկերության չվացուցակի վրա ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ։

Նշենք, որ մայիս 5-ին Հունաստանում համազգային գործադուլ է հայտարարվել։ Երկրում փակ են օդանավակայանները, դադարեցված է գնացքների, լաստանավերի եւ տրանսպորտային մյուս բոլոր միջոցների աշխատանքը։

Գործադուլների պատճառը բյուջետային ծախսերի կրճատումն է։