Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն միացվեց ֆինանսների նախարարությանը, իսկ ճարտարապետության պետական կոմիտեն՝ քաղաքաշինության նախարարությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը, որոշում է կայացրել.

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:

2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:

Հրամանագրում նշվում է, որ մաքսային եւ հարկային վերադաս մարմինների ղեկավարը դառնում է ֆինանսների նախարարը:

Կառավարությանը հանձրարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:

Նշենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը նշանակվել էր ֆինանսների նախարար, իսկ ճարտարապետության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար: