Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը համոզված է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարած քաղաքականությունը «կեղծ է եւ պիղծ»:

«Այն, որ Հովիկ Աբրահամյանն ընդունում է տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց, փորձում է լուծել կուտակայինի հարցը, դրանք տնտեսական բարեփոխումների հետ ընդհանրապես կապ չունեն: Հովիկ Աբրահամյանը կեղծ եւ պիղծ գործողություններ է կատարում: Արարողակարգեր են, որոնցով Հովիկ Աբրահամյանը փորձում է բարոյական կերպար ստեղծել: Հայաստանին պետք է նոր դեմք»,- ասաց նա:

Գլխավոր մարքսիստը համոզված է, որ Հայաստանին պետք է նոր ճարտարապետ, որին ամբողջ հասարակությունն է սպասում:

«Իսկ Հովիկ Աբրահամյանն իր կուսակցությանը հիմարացնելով, իր ճանապարհը հարթեց, ինքը ուզեց, որ զբաղեցնի վարչապետի աթոռը: Սա իր սեփական ամբիցիաների հետ է կապված, թե չէ տնտեսական առումով նախագահն իր տեղում չէ: Իմ համոզմամբ` արտահերթ ընտրությունները կփրկեն այս երկիրը»,- ավելացրեց նա:

Մեր հարցին` հնարավոր է արտահերթ ընտրությունների «կազմակերպիչը» լինի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Դավիթ Հակոբյանը կարճ պատասխանեց. «Բացառում եմ»:

Նշենք, որ մամուլում տարբեր կարծիքներ եւ տեսակետներ են հնչում, թե ինչու փոխվեց Տիգրան Սարգսյանը, իսկ նրա փոխարեն վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Ամենահավանական տարբերակն ըստ վերլուծաբանների այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս կերպ լռեցրեց «հրաշալի քառյակին»` վարչապետ նշանակելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրած պաշտոնյային: Մյուս կողմից նախագահը նախարարներ նշանակեց Ռոբերտ Քոչարյանի կադրերին: Ի դեպ Քոչարյանը վերջերս ակտիվ քննադատում էր Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը եւ գովաբանում իր ժամանակվա տնտեսական աճը: