Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 6-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի հրավերով այցելելու է Թուրքիա, որտեղ քննարկման հիմնական թեման լինելու են էներգետիկ հարցերը: Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն:

"Գազի ոլորտում համագործակցությունը Թուրքիայի հետ ընդլայնվելու է: Խոսքը գնում է արեւմտյան երթուղով բոլոր տեսակի պայմանագրերի նորացման, «Երկնագույն հոսք»-ի մեծացման եւ «Հարավային հոսք»-ի շրջանակներում հետագա համագործակցության մասին:

Նշենք, որ երեկ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն իր թուրք գործընկեր Թաներ Յըլդըզի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նախատեսում են համաձայնագիր ստորագրել Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարության շրջնակներում համագործակցելու հարցով: 1,5 միլիոն բարել հզորությամբ այդ խողովակաշարը Թուրքական Սամսուն քաղաքից նավթը կտեղափոխի Միջերկրականի ափին գտնվող Ջեյհան, թույլ տալով, շրջանցել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները:

Ռուսաստանի համար սկզբունքորեն կարեւոր է Թուրքիայի հետ քննարկել «Հարավային հոսք» նախագծի մրցակից հանդիսացող «Նաբուկոյի» նախագիծը, որով գազը կասպյան ավազանից կմատակարարի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: Հիշեցնենք, որ թԹուրքիան արդեն ստորագրել է «Նաբուկո» նախագծին վերաբերող փաստաթղթի տակ, սակայն Մոսկվան կարող է փորձել Անկարային թեքել իր կողմը, որպես այլընտրանք Թուրքիային ատռաջարկելով համագործակցել «Հարավային հոսք»-ի շրջանակներում:

Սակայն Թուրքիան դեռ չի շտապում միանալ ռուսական գազային կոալիցիային: Այդ նախագծում Թուրքիայի մասնակցության աստիճանը կորոշեն ապագա բանակցությունները: Այս մասին ասել է Յըլդըզը: