Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերն առաջիկա երկու օրերին ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին են ներկայացնելու «կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Այս պահին աշխատում ենք մեր առաջարկների վրա, որից հետո կամփոփենք եւ այսօր երեկայոն կամ վաղն առավոտյան մեր առաջարկները կներկայացնենք վարչապետին: Կախված կառավարության արձագանքից՝ քառյակը կորոշի իր հետագա անելիքները»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենց առաջարկները վերաբերվում են մասնավորապես պարտադիր բաղադրիչին, որն ըստ քառյակի պետք է կասեցվի:

«Այն առաջարկներն են, որոնք ի սկզբանե ունեցել ենք: «Դեմ եմ»-ն էլ տեղյակ է մեր առաջարկներից, որեւէ անակնկալ բան չկա»,- ավելացրեց նա:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն, ԲՀԿ խմբակցության քարտուղարը դժվարացավ պատասխանել. «Մեր առաջարկները բեկանման ենթակա չեն: Կսպասենք կառավարության արձագանքին, որից հետո մեր անելիքները կորոշենք»:

Նշենք, որ չնայած ապրիլի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է, խորհրդարան ներկայացված նախագիծը չէր համապատասխանում այդ հայտարարությանը, իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ հստակ չէր ասել՝ նոր նախագծով պարտադիրը կասեցվում է, թե ոչ: Դրանից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ քառյակի օրակարգում է կուտակայինի հարցով արտահերթ նիստ գումարելը: