Ըստ Վաշինգթոնի գնահատականի` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալի ազդեցություն են ունեցել: ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլեյզերը Կոնգրեսի լսումներին հայտնել է, որ պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանից կապիտալի զգալի արտահոսք է տեղի ունեցել, որը զրոյի է հավասարեցրել ռուսական ՀՆԱ-ի աճը: 

Գլեյզերը սպառնացել է ուժեղացնել պատժամիջոցները, եթե Մոսկվան չդադարի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին: Ըստ նրա`  պատժամիջոցների ողջ շարքը կիրառելու դեպքում  հնարավոր կլինի «բացահայտել Ռուսաստանի տնտեսության  թուլությունը եւ խոցելիությունը», փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով  AFP-ն:

Գլեյզերը նաեւ նշել է, որ Ռուսաստանն արդեն զգացել է իր դեմ իրականացվող ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության  հետեւանքները: Նա պատժամիջոցների հետ է կապել ռուսական ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գնի 13 տոկոս անկումը եւ Կենտրոնական բանկի հարկադիր քայլը, որը 50 միլիարդ դոլար էր ծախսել` ռուբլին ամրագրելու համար: Մոսկվայի համար վարկերի սակագներն այնքան են բարձրացել, որ երկրի կառավարությունն ստիպված է եղել ապրիլի 23-ին դադարեցնել  պարտամտոմսերի վաճառքը:

Ըստ Գլեյզերի հրապարակած տվյալների` 2014 թ. Ռուսաստանից կապիտալի արտահոսքը հասել է 100-130 միլիարդ դոլարի: Ընդ որում` Գլեյզերը պնդում է, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմների միջոցները կառավարող «Ռոսիա» բանկը պատժամիջոցների պատճառով կորցրել է միլիարդ դոլար: