«Մենք արդյունավետ այցելություն ենք սպասում»,- այսօր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք աշխատանքային այցի վերաբերյալ լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Ուշակովը:
«Ռուսաստանին ու Թուրքիային կարելի է վստահորեն համարել ռազմավարական գործընկերներ: Միայն 2008 թվականին նրանց միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով՝ հասնելով 34 միլիարդ դոլարի»,- ասել է Ուշակովը: Նա չի բացառել, որ էներգետիկ համագործակցությանը վերաբերող բանակցությունների ժամանակ քննարկվի նաեւ «Նաբուկո» նախագծի շինարարության հարցը:
Ուշակովի հավաստմամբ, Ռուսաստանն ու Թուրքիան ատոմային ոլորտին վերաբերող միջկառավարական արձանագրություն են ստորագրելու, ըստ որի ռուսական մասնագետները կվերահսկեն Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանի կառուցումը։ «Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կարձանագրվի եւ պայմանագիրը որոշակի խթան կդառնա այդ գործընթացի համար»,-ասել է նա:



























