Մայիսի 11-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա «Հարավային Կովկասում տրանսպորտային հեռանկարներ»-ի վերաբերյալ դոնորների համակարգման ժողով, որին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, ժողովին կմասնակցեն տրանսպորտային ոլորտում ներգրավված դոնոր կազմակերպությունները, այդ թվում՝ Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Զարգացման ասիական բանկը, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, Եվրամիությունը եւ այլն:

Ժողովի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց ազգային ծրագրերը՝ հիմնավորելու ներդրումային կարիքները եւ դոնորների աջակցությունը ստանալու նպատակով` առաջարկելու նոր նախագծերի գաղափարներ: