NEWS.am-ը նշանակալի կրճատումներով ներկայացնում է «Bloomberg Businessweek» պարբերականի փարիզյան թղթակից Կերոլ Մետլեկի հոդվածը:

Վլադիմիր Պուտինն այն համաշխարհային տնտեսական գերտերությունների հակակշիռ է անվանում: Հինգշաբթի օրը նա Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետ նոր տնտեսական դաշինք` Եվրասիական տնտեսական միություն ձեւավորելու մասին պայմանագիր կնքեց: Մոտ ապագայում կառույցին կարող են նաեւ նախկին խորհրդային հանրապետություններից երկուսը` Հայաստանը եւ Ղրզըզստանը միանալ:

Ցավում եմ Պուտինի համար, բայց նոր դաշինքը չի կարող բարձրագույն լիգայի խաղալու հավակնություններ ունենալ: Նույնիսկ Հայաստանի եւ Ղրղըզստանի միացումից հետո, կառույցի համախառն ներքին արդյունքն ընդամենը մոտ 2,6 տրլն ԱՄՆ դոլար է կազմելու` Եվրամիության ՀՆԱ-ի մեկ հինգերորդ մասից էլ քիչ: Այն նույնիսկ Չինաստանի ՀՆԱ-ի երրորդ մասը չի կազմում: Դաշինքի համախառն ներքին արդյունքի ավելի քան 80 տոկոսը Ռուսաստանն է ապահովում: Նույն հարաբերակցությունը նաեւ երկրի 178 մլն բնակչությունն է ապահովում: ԵՄ Փարիզի անվտանգության ինստիտուտի վերլուծաբան Նիկու Պոպեսկուի խոսքով, միության ստեղծումը «համաշխարհային տնտեսության ռադարի էկրանին հետք չի թողնելու»: Մոսկվայի մոտիվներն ավելի շատ քաղաքական են թվում, քան` տնտեսական: «Եվրասիական միությունը Պուտինի գեոքաղաքական երազանքի պրոյեկցիան է», - հայտարարել է Կարնեգիի Մոսկվայի գրասենյակի գիտաշխատող Նիկոլայ Պետրովը` հավելելով, որ դրանով նաեւ «ցուցադրվում է, թե Ռուսաստանը միայնակ չէ»:

Բայց արդյո՞ք դա լավ գործարք է մասնակից երկրների համար: Վերջին տարիներին նախկին խորհրդային երկրները հասցրել են խորը առեւտրային կապեր հաստատել ԵՄ-ի եւ Չինաստանի հետ: ԵՄ-ն ներկայիս դրությամբ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Հայաստանի համար մեկ առեւտրային գործընկերն է, իսկ Չինաստանի` Ղրղըզստանի: Իսկ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի միջեւ առեւտրային հոսքերը, Պոպեսկուի խոսքով, անցյալ տարի 7 տոկոսով նվազել են:

Եվրասիական միությունը, այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելով, իր անդամներին խրախուսելու է, որ միմյանց հետ առեւտուր անեն: Իսկ թե ինչ է դա նշանակում, կարելի է Ղազախստանի օրինակով տեսնել: Այս երկիրը Ռուսաստանի հետ նախորդ դաշինքի` Մաքսային միությանը միանալու համար արդեն մաքսատուրքերի բարձրացում է նախաձեռնել: Ներկայումս միջին եկամուտ ունեցող ղազախստանցին ստիպված է «անորակ ռուսական ավտոմոբիլ» գնել: Այս գնահատականը Վաշինգտոնի միջազգային տնտեսության ինստիտուտի վերլուծաբան Անդերս Օսլունդի գրչին է պատկանում: Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ Հայաստանն ու Ղրղըզստանը Ռուսաստանին խնդրում են դաշինքին անդամագրման բացասական հետեւանքները փոխհատուցել, քանի որ կառուցի մաքսային ռեժիմն, ամենայն հավանականությամբ, ԱՀԿ-ի հետ հակասություններ է ունենալու:

Իսկ մյուս երկրնե՞րն ինչու են միանում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ձգտում է բարեդրացիական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ մասնավորապես այն պատճառով, որ իր երկիրը գլխավորապես ռուսական խողովակներով է նավթ արտահանում: Հայաստանը անվտանգության ոլորտի գործընկերություն ունի Ռուսաստանի հետ, իսկ Ղրզըզստանի վախենում է մեկուսացված մնալ եւ Չինաստանի տնտեսական ճնշման զոհը դառնալ: Իսկ ինչ Բելառուսին է վերաբերում, ապա այս երկիրն իրականում ալընտրանք անգամ չուներ, քանի որ առանց ռուսական նավթի եւ գազի նշանակալի սուբսիդավորման տնտեսական ճգնաժամի առաջ կարող է կանգնել: