Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստում է պետական հաստատությունների, ձեռնարկությունների և կրիտիկական ենթակառուցվածքի աշխատանքի նոր կանոններ երկարատև օդային տագնապների ժամանակ, փոխանցել է «РБК-Украина»-ն։

Բացի այդ, իշխանությունները մտադիր են վերանայել մոտեցումները պարետային ժամի նկատմամբ։

Ինչպես հայտնել է կառավարության ղեկավարը Telegram-ում, համապատասխան զեկույցը նա ներկայացրել է Ուկրաինայի նախագահին։ Նրա խոսքով՝ փոփոխություններն անհրաժեշտ են ռուսական հարձակումների նոր մարտավարության պատճառով, որը, մասնավորապես, վերաբերում է Կիևին և այլ խոշոր քաղաքների։

Գերագույն գլխավոր հրամանատարի, ներքին գործերի նախարարի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների, Կիևի քաղաքապետի, նախագահի գրասենյակի և ԱԱԽ մասնակցությամբ ընդլայնված խորհրդակցությունից հետո իշխանությունները սկսել են մշակել կոնկրետ առաջարկներ՝ նոր պայմաններին քաղաքների աշխատանքը հարմարեցնելու համար։

Կորեցկին նշել է, որ երկարատև օդային տագնապներն ազդում են ոչ միայն բնակչության անվտանգության, այլև ձեռնարկությունների աշխատանքի, լոգիստիկայի, տրանսպորտի, դպրոցների, մանկապարտեզների և այլ օբյեկտների վրա։

«Թշնամին փորձում է կաթվածահար անել տնտեսական ակտիվությունը մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում, ուստի մեր մոտեցումներն ու արձագանքման ալգորիթմները նույնպես պետք է փոխվեն», — հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ իշխանությունները դիտարկում են ձեռնարկությունների և հաստատությունների աշխատանքի նոր ալգորիթմներ սպառնալիքի տարբեր մակարդակների դեպքում, ինչպես նաև տրանսպորտի, լոգիստիկայի, մետրոյի և ենթակառուցվածքի այլ օբյեկտների կազմակերպումը։ Այս փոփոխությունների նպատակը նա անվանել է մարդկանց անվտանգության բարձրացումը՝ քաղաքներում և համայնքներում բնականոն կյանքի հնարավորության պահպանմամբ։

«Առանձին նաև նախատեսում ենք վերանայել պարետային ժամի նկատմամբ մոտեցումները և ապահովել քաղաքացիական անձանց համար օդային սպառնալիքների մասին ավելի օպերատիվ տեղեկատվության հասանելիությունը՝ առանց անվտանգության համար լրացուցիչ ռիսկերի», — հայտնել է Կորեցկին։

Անհրաժեշտ առաջարկները, նրա խոսքով, նախատեսվում է պատրաստել հաջորդ շաբաթվա սկզբին, որից հետո դրանք ներկայացնել հանրությանը և անցնել իրականացմանը։

Բացի այդ, վարչապետը հայտնել է, որ արտահերթ նիստում նախարարների կաբինետը մտադիր է պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնել Բուչայի շրջանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով տուժածներին աջակցելու և փոխհատուցումներ տրամադրելու համար։ Խոսքը Միլա գյուղի մասին է, որտեղ պահեստներին հասցված ռուսական հարվածը լայնածավալ հրդեհ և դետոնացիա է առաջացրել։

Ուկրաինական իշխանությունների հայտարարությունները հնչել են Կիևի և մարզի վրա ռուսական զանգվածային հարձակումների շարքի ֆոնին։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ օգոստոսի 27-ից անօդաչու սարքերի կիրառմամբ հարձակումները գրեթե չեն դադարում։ Այդ օրը Կիևում օդային տագնապ է հայտարարվել 13 անգամ, ինչը դարձել է ռեկորդային ցուցանիշ լայնածավալ հակամարտության սկզբից ի վեր։

Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտնել է, որ ռուսական մարտավարությունն ուղղված է Կիևի մարզում մշտապես օդային տագնապներ սադրելուն, ինչպես նաև ուկրաինական ՀՕՊ համակարգը և բնակչությանը հյուծելուն։