Գիտնականները Եգիպտոսի անապատի կենտրոնում հայտնաբերել են առնվազն յոթ տեսակի հնագույն շնաձկների քարացած ատամներ, որոնք այստեղ ապրել են միլիոնավոր տարիներ առաջ։ Գտածոն վկայում է, որ ժամանակակից Աբու-Տարտուր սարահարթի տարածքը երբևէ եղել է հարուստ ծովային էկոհամակարգի մի մասը։

Անսովոր գտածոյի մասին հոդվածը հրապարակվել է Cretaceous Research գիտական ամսագրում։

Քարացած մնացորդները հայտնաբերվել են 2020–2022 թվականներին ուշ կավճե ժամանակաշրջանի ապարներում։ Հետազոտողները հայտնաբերել են 14 ատամ, որոնք պատկանել են առնվազն հինգ տեսակի շնաձկների, որոնք նախկինում այստեղ չէին հանդիպել։ Եվս երկու տեսակ հայտնաբերվել էր ավելի վաղ արշավախմբերի ընթացքում։

Հատկապես ուշագրավ է եղել Scapanorhynchus raphiodon-ի՝ ժամանակակից գոբլին-շնաձկների հին ազգականի, ատամի հայտնաբերումը։ Այս տեսակն առաջին անգամ է հայտնաբերվել Աֆրիկայի տարածքում։ Եվս երկու տեսակ՝ Serratolamna serrata-ն և Squalicorax bassanii-ն, նախկինում Եգիպտոսում չէին հայտնաբերվել։

Աբու-Տարտուր սարահարթը գտնվում է Եգիպտոսի Արևմտյան անապատում և կապված է ուշ կավճե ժամանակաշրջանի Դուվի երկրաբանական ֆորմացիայի հետ։ Այդ ժամանակ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այժմ, իսկ ծանծաղ ծովերը ծածկում էին այն տարածքները, որոնք այսօր չորային են։ Նույն շրջանում ավելի վաղ հայտնաբերվել էին ձկների, ծովային կրիաների և ծովային այլ սողունների մնացորդներ։

Հետազոտողների կարծիքով, մեկ վայրում միանգամից յոթ տեսակի շնաձկների առկայությունը վկայում է այստեղ բարդ և հարուստ էկոհամակարգի գոյության մասին՝ մեծ քանակությամբ որսով։ Միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են, որ դա պարտադիր չէ, որ նշանակի, թե բոլոր շնաձկներն այստեղ ապրել են միաժամանակ․ նրանց ատամները կարող էին կուտակվել նստվածքային ապարների միևնույն շերտում երկար ժամանակի ընթացքում։

Գիտնականները մտադիր են շարունակել Աբու-Տարտուր սարահարթի և նրա շրջակայքի ուսումնասիրությունները, որտեղ, նրանց կարծիքով, կարող են գտնվել հնագույն ծովի գոյության նոր ապացույցներ։