Հակաօդային պաշտպանության ուժերը վերջին մեկ օրում հետ են մղել Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի ամենախոշոր հարձակումը, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ըստ նրա, նախորդ օրվանից սկսած բոլոր սահմանագծերում ոչնչացվել է ավելի քան 1600 ԱԹՍ, որոնցից շուրջ 450-ը՝ Մոսկվային մոտենալիս։

Սոբյանինը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, լայնածավալ հարձակումը ծրագրված էր ընտրությունները խափանելու նպատակով, սակայն այդ նպատակին հասնել չի հաջողվել։

Հարձակման հետևանքով վնասվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող օբյեկտներից մեկը։ Եվս մեկ անօդաչու սարք հարվածել է մայրաքաղաքի հարավում՝ Օրեխովի բուլվարի շրջանում գտնվող շենքին։

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ները գրոհել են 17 քաղաքային օկրուգների տարածքները։

Իշխանությունների տվյալներով, երկու մարդ զոհվել է, ևս վեցը վիրավորվել են, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Հարձակման ֆոնին ժամանակավորապես սահմանափակվել է մոսկովյան չորս օդանավակայանների՝ Դոմոդեդովոյի, Վնուկովոյի, Շերեմետևոյի և Ժուկովսկու աշխատանքը։ Ավելի քան 30 ինքնաթիռ, որոնք չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում, վերահասցեավորվել են այլ քաղաքների օդանավակայաններ։