Volkswagen-ը ներկայացրել է ID.3 GTI-ի էլեկտրական տարբերակը՝ ապրանքանիշի պատմության մեջ առաջին հետնաքարշ ավտոմեքենան, որը ստացել է լեգենդար GTI տարբերանշանը, գրել է Autocar-ը։
Նոր հեթչբեքը պետք է համադրի ավանդական բենզինային GTI-ների դինամիկան և կառավարելիությունը էլեկտրամեքենայի հնարավորությունների հետ։

ID.3 GTI-ը համալրված է 322 ձիաուժ հզորությամբ և 545 Ն·մ պտտող մոմենտով էլեկտրաշարժիչով, որը քարշը փոխանցում է հետևի անիվներին։ Մինչև 100 կմ/ժ ավտոմեքենան արագանում է 5,6 վայրկյանում՝ փոքր-ինչ գերազանցելով ներկայիս Volkswagen Golf GTI-ին։ Հենց Volkswagen-ում մոդելը անվանում են իրենց էլեկտրական սպորտային ստորաբաժանման ամենահզոր և ամենաարագ ավտոմեքենան։
Նոր ID.3 GTI-ը կդառնա ապրանքանիշի այս տարբերանշանով երկրորդ էլեկտրամեքենան՝ կոմպակտ ID. Polo GTI-ից հետո, որի մեկնարկը սպասվում է առաջիկա ամիսներին։ Միաժամանակ, ID.3 GTI-ը կփոխարինի GTX տարբերակին՝ ID.3-ի թարմացված շարքի բարձրակետում։ Volkswagen-ում ընդգծում են, որ նոր մոդելը պետք է լինի ոչ թե պարզապես ավելի հզոր մոդիֆիկացիա, այլ լիարժեք սպորտային ավտոմեքենա, որը պահպանում է «GTI-ի ԴՆԹ»-ն՝ ձևավորված Golf GTI-ի ութ սերունդների ընթացքում։

Դրա համար ավտոմեքենայում նախատեսված է հատուկ GTI ռեժիմ, որը միացվում է ղեկի վրա գտնվող ֆիզիկական կոճակով։ Այն էլեկտրաշարժիչը տեղափոխում է հզորության առավելագույն ռեժիմ, ղեկային կառավարումն ավելի սուր է դարձնում և մեծացնում է կախոցի կոշտությունը։ Ռեժիմը նաև ակտիվացնում է Launch Control մեկնարկային արագացման համակարգը։ Սրահի լուսավորությունն այդ պահին դառնում է կարմիր, իսկ ավտոմեքենայի դինամիկ բնույթն ընդգծում է ներքին այրման շարժիչի արհեստականորեն սինթեզված ձայնը։
ID.3 GTI-ի արտաքին տեսքը նույնպես զգալիորեն տարբերվում է սովորական ID.3-ից։ Առջևի հատվածն ունի ավելի ագրեսիվ բամպերներ, ուղղահայաց լուսադիոդային տարրեր և կարմիր դեկորատիվ դետալներ։ Ճաղավանդակի վրա հայտնվել է ֆիրմային կարմիր գիծը, որն առաջին անգամ կիրառվել էր մոտ 50 տարի առաջ՝ առաջին Golf GTI-ի վրա։ Թափքը առաջին անգամ ամբողջությամբ ներկված է մեկ գույնով՝ ներառյալ տանիքը, բեռնախցիկի կափարիչը, սփոյլերը և հետևի սյուները։

Սրահում տեղադրված են Superclark պաստառապատմամբ սպորտային նստելատեղեր, որոնք հիշեցնում են նախկին GTI-ների վանդակավոր ինտերիերները։ Թվային գործիքակալի վահանակը ստացել է հատուկ ռետրո ռեժիմ՝ ոճավորված առաջին Golf GTI-ի սարքերի նմանությամբ։
Էլեկտրամեքենան համալրված է 79 կՎտ·ժ օգտակար տարողությամբ մարտկոցով։ Հայտարարված ընթացքի պաշարը հասնում է 605 կիլոմետրի, արագ լիցքավորման առավելագույն հզորությունը՝ 183 կՎտ։ Հաճախորդներին մատակարարումները կսկսվեն 2027 թվականի առաջին եռամսյակում։ Volkswagen-ը առայժմ գինը չի հայտարարել։





























