Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) երկրի դուրս գալու հնարավորությունը շարունակում է մնալ օրակարգում։
Իրանական Mehr գործակալությանը տված հարցազրույցում Ազիզին հայտնել է, որ խորհրդարանում արդեն պատրաստվել են «ՄԶՉՊ-ից դուրս գալու ծրագիր» անվանումով օրինագծեր։ Ըստ նրա, պատգամավորների զգալի թվի ստորագրություններով հավաքված փաստաթղթերը ուղարկվել են ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողով, ինչպես նաև օրենսդրական վարչություն։
Միևնույն ժամանակ Ազիզին նշել է, որ ՄԶՉՊ-ից դուրս գալը կպահանջի կոնկրետ քայլերի իրականացում, բոլոր պետական ինստիտուտների միջև համակարգում և Իսլամական Հանրապետության ղեկավարության միասնական որոշում։
Խոսելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատանքի մասին՝ պատգամավորը մեղադրել է կազմակերպությանը տեխնիկական և մասնագիտական գործունեությունից շեղվելու մեջ և հայտարարել, որ այն, իբր, վերածվել է ԱՄՆ-ի և այլ ազդեցիկ պետությունների ճնշման գործիքի։ Թեհրանը նախկինում բազմիցս կոչ էր արել թույլ չտալ ՄԱԳԱՏԷ-ի օգտագործումը որպես Իրանի նկատմամբ ճնշման գործիք։
Ազիզին նաև կոչ է արել Իրանի հարավային հարևաններին հաշվի առնել Թեհրանի հետ համակարգման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու ունակ հարցերի թվում նա նշել է Իրանի միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը և, այսպես կոչված, «դիմադրության ճակատի» հետագա զարգացումը։
Սեպտեմբերի 15-ին իրանցի պատգամավորների մի խումբ հայտարարությամբ հանդես եկավ երկրի՝ ՄԶՉՊ-ին մասնակցությունը վերանայելու անհրաժեշտության մասին։ Խորհրդարանականները հայտարարել են, որ պայմանագիրը չի կարողացել ապահովել Իրանի միջուկային օբյեկտների պաշտպանությունը և երկրին չի բերել հայտարարված առավելությունները։





























