Ժամանակակից հյուսիսային Չիլիի տարածքում 22 միլիոն տարի առաջ տեղի ունեցած հրաբխային ժայթքումը պահպանել է երիտասարդ Անդերի յուրատեսակ «պատկերը» և գիտնականներին օգնել պարզելու, թե ինչպես է ձևավորվել մոլորակի խոշորագույն լեռնաշղթաներից մեկը, գրում է Live Science-ը։

Ժայթքումը սկսվել է Լաուկա կալդերայի շրջանում և հսկայական տարածք ծածկել իգնիմբրիտի շերտով՝ հրաբխային ապարով, որը ձևավորվում է պիրոկլաստիկ հոսքի անցումից հետո։ Շիկացած ապարաբեկորների, հրաբխային գազի և մոխրի նման խառնուրդը սրընթաց տարածվում է երկրի մակերեսով։ Հենց պիրոկլաստիկ հոսքն էլ մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման ժամանակ կործանել է Պոմպեյը՝ միաժամանակ պահպանելով քաղաքի ուրվագծերն ու տեղի ունեցածի բազմաթիվ մանրամասներ։

Սեպտեմբերի 11-ին Science Advances ամսագրում հրապարակված հետազոտությունն այժմ ցույց է տալիս, որ ժամանակի մեջ նման «սառեցում» տեղի է ունեցել նաև Անդերում, միայն թե քաղաքի փոխարեն հրաբխային նստվածքների տակ հայտնվել է մի ամբողջ լանդշաֆտ։

Լոնդոնի համալսարանական քոլեջի և այլ հաստատությունների գիտնականները վերականգնել են ժայթքումից առաջ գոյություն ունեցած ենթադրյալ ռելիեֆը՝ ուսումնասիրելով հնագույն իգնիմբրիտային ծածկույթի ձևը և գետային էրոզիայի առանձնահատկությունները։ Նրանց հաշվարկներով՝ 22 միլիոն տարի առաջ այս վայրում ներկայիս կտրուկ լեռնագագաթները չեն եղել. հրաբխային նստվածքները ծածկել են համեմատաբար մեղմ բլուրներն ու նախալեռները։

«Պոմպեյը ցույց է տալիս, թե հրաբխային ժայթքումներն ինչպես կարող են սառեցնել մարդկության պատմության մի պահը։ Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ ավելի մասշտաբային ժայթքումները նույն կերպ կարող են պահպանել Երկրի պատմության պահերը»,- նշել է գեոմորֆոլոգ Բայրոն Ադամսը։

Հետազոտողները նաև հաշվարկել են, թե որքան արագ է բարձրացել երկրակեղևն այս տարածաշրջանում։ Անդերը ձևավորվել է Նասկա օվկիանոսային սալի՝ Հարավային Ամերիկայի մայրցամաքային սալի տակ սուզման հետևանքով։ Մինչ ժայթքումը ապարների բարձրացման արագությունը կազմել է ոչ ավելի, քան 0,26 կիլոմետր մեկ միլիոն տարվա ընթացքում։

Այս արդյունքը հաստատում է վարկածը, որ Անդերը ձևավորվել է աստիճանաբար, այլ ոչ թե՝ համեմատաբար ոչ վաղ անցյալում ապրել են աճի հանկարծակի թռիչք։

«Վեճ կա այն մասին, թե արդյոք Անդերը 40–50 միլիոն տարվա ընթացքում աճել է դանդաղ ու կայուն, թե սկզբում բարձրացել է չափազանց դանդաղ, ապա վերջին 6–10 միլիոն տարում կտրուկ աճել»,- ասել է Ադամսը։ Ըստ նրա՝ այս շրջանի զգալի մասն ընդգրկող նոր տվյալները վկայում են առաջին տարբերակի օգտին․ Անդերը բարձրացել է դանդաղ, բայց անընդհատ։