Վերջին հինգ տարիներին Եվրոպայում ժողովրդավարության ցուցանիշների վատթարացումները գրեթե կրկնակի ավելի շատ են եղել, քան բարելավումները, ասվում է Ժողովրդավարության և ընտրություններին աջակցելու միջազգային ինստիտուտի (International IDEA) նոր զեկույցում, հաղորդում է Euractiv-ը:
Ըստ Global State of Democracy 2026 հետազոտության՝ 2020–2025 թվականներին եվրոպական երկրների ժողովրդավարության 154 ցուցանիշներում արձանագրվել է վատթարացման 77 դեպք՝ 42 բարելավման դիմաց։ Եվրոպական պետությունների ավելի քան կեսը բախվել է առնվազն մեկ ցուցանիշի անկման։
Ամենահաճախը վատթարացել են քաղաքացիական ազատությունները, արդարադատության հասանելիությունը և ընտրությունների ազնվությունը։ Միաժամանակ, զեկույցի հեղինակները շեշտում են, որ դրա եզրակացությունները չեն նշանակում, թե Եվրոպայում ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ վտանգված է։
«Խոսքն, ավելի շուտ, աճող խոցելիության ոլորտների մասին է, և ընթացքի ուղղությունը չի տանում դեպի ժողովրդավարության որակի մշտական բարելավում, որը կցանկանային տեսնել շատ եվրոպացիներ»,- հայտարարել է International IDEA-ի գլխավոր քարտուղար Քևին Կասաս-Սամորան։
Բացասական փոփոխությունների ամենամեծ թիվը բաժին է ընկել Արևելյան Եվրոպային, որտեղ հետազոտողները ներառում են նաև Ռուսաստանը՝ 28։ Եվս 18 դեպք արձանագրվել է Կենտրոնական Եվրոպայում, 16-ը՝ Հարավային, և 15-ը՝ Հյուսիսային ու Արևմտյան Եվրոպայում։ Ընդ որում, Հարավային Եվրոպան հնգամյա ժամանակահատվածում ոչ մի բարելավում չի ցուցադրել։
Ցուցանիշների վատթարացման բախված որոշ երկրներ չեն պատկանում ավանդաբար խնդրահարույց պետությունների թվին։ Օրինակ՝ Պորտուգալիայում անկում է արձանագրվել վեց ցուցանիշով, որոնք, ի թիվս այլոց, կապված են իրավունքների և քաղաքական մասնակցության հետ։
Մամուլի ազատությունը վատթարացել է Իսլանդիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում, իսկ կարծիքի արտահայտման ազատությունը՝ Դանիայում և Գերմանիայում։ Ըստ Կասաս-Սամորայի՝ երկու երկրներում էլ բացասական միտումը նկատվում է արդեն մոտ տասը տարի, ուստի այն փոխելու միջոցները պետք է ձեռնարկել հենց հիմա, մինչև հետևանքներն ավելի լայնածավալ դառնան։
Կոռուպցիայի դեմ պայքարի թուլացում հետազոտողներն արձանագրել են Ավստրիայում, Լիտվայում, Ֆինլանդիայում, Իսպանիայում և Սլովակիայում։ Միևնույն ժամանակ, այս երկրներում ընտրությունները մնում են մրցակցային, իսկ ժողովրդավարական ինստիտուտներն ընդհանուր առմամբ պահպանում են կայունությունը, ինչի պատճառով աստիճանական վատթարացումը կարող է պակաս նկատելի լինել։
Ընդհանուր պատճառներից մեկը զեկույցի հեղինակները համարում են անվտանգության քաղաքականության ուժեղացումը։ Եվրոպական երկրների իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում՝ ի պատասխան ահաբեկչության, ծայրահեղականության, անօրինական միգրացիայի և հասարակական անկարգությունների սպառնալիքների։ Սակայն այդ միջոցներից մի քանիսը, զգուշացնում են հետազոտողները, կարող են աստիճանաբար սահմանափակել հիմնարար ազատությունները՝ հավաքների, միավորվելու և քաղաքական հայացքները ազատ արտահայտելու իրավունքը։
Գերմանիայում քաղաքական արտահայտման առանձին ձևերի սահմանափակումները երկար ժամանակ բացատրվում էին ծայրահեղականության վերադարձը թույլ չտալու անհրաժեշտությամբ։ International IDEA-ի գնահատմամբ՝ այդ սահմանափակումներն աստիճանաբար տարածվել են քաղաքական ինքնաարտահայտման ձևերի ավելի լայն շրջանակի վրա։ Սլովենիայում այսպես կոչված «անվտանգության գոտիները» ոստիկանությանը հնարավորություն են տալիս առանց դատական թույլտվության մուտք գործել բնակելի տարածքներ և, զեկույցի տվյալներով, անհամաչափորեն ազդում են գնչու բնակչության ներկայացուցիչների վրա։
Միևնույն ժամանակ, Եվրոպայում կան նաև դրական օրինակներ։ Լեհաստանը ցույց է տվել յոթ բարելավում՝ ավելի շատ, քան եվրոպական որևէ այլ երկիր։ Դրական դինամիկա է արձանագրվել, մասնավորապես, քաղաքացիական հասարակության, խորհրդարանի աշխատանքի և լրատվամիջոցների անկախության ոլորտներում։ Չեխիայում բարելավվել են խորհրդարանի աշխատանքի և դատական համակարգի անկախության ցուցանիշները։
«Այն, թե ինչ տեղի կունենա հետո եվրոպական ժողովրդավարության հետ, եվրոպական երկրների քաղաքացիների ձեռքերում է»,- հայտարարել է Կասաս-Սամորան։




























