Նիդերլանդներում ոստիկանությունը սկսել է երկաթուղու վրա ենթադրյալ դիվերսիայի հետաքննություն այն բանից հետո, երբ մի քանի վայրերում գծերի վրա հայտնաբերվել են կողմնակի առարկաներ, ինչի հետևանքով գրանցվել են գնացքների զանգվածային ուշացումներ և չեղարկումներ, հաղորդում է BBC News-ը։

Խափանումներն ազդել են նաև Ամստերդամի, Ուտրեխտի և երկրի գլխավոր միջազգային օդանավակայան Սխիպհոլ տանող երթուղիների վրա։

Երկաթուղային ենթակառուցվածքի օպերատոր ProRail-ը հայտնել է, որ երկրի տարբեր հատվածներում գծերի վրա հայտնաբերվել են խողովակներ և մալուխներ։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ դրանք միտումնավոր են տեղադրվել երկաթուղային գծերի վրա։

«Նյութերը հայտնաբերվել են գծերի վրա մի քանի վայրերում։ Դրանք միտումնավոր են տեղադրվել այնտեղ։ Սա հանգեցնում է առանձին հատվածներում խափանումների։ Թվում է, թե խոսքը սաբոտաժի մասին է»,- ասվում է ProRail-ի հայտարարության մեջ։

Ընկերության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է, սակայն երթևեկության խախտումները պահպանվում են։ ProRail-ի տվյալներով՝ երեքշաբթի երկրում գրանցվել է մոտ 30 միջադեպ։

Նիդերլանդների ոստիկանությունը հայտնել է, որ մի քանի հատվածներում հայտնաբերվել են առարկաներ, որոնց պատճառով երկաթուղային հաղորդակցությունում առաջացել են լուրջ խափանումներ։ Ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել՝ դատախազության և Նիդերլանդների Ընդհանուր հետախուզության և անվտանգության ծառայության (AIVD) հետ համատեղ։ Կասկածյալների ինքնությունը և հնարավոր դրդապատճառները դեռևս չեն պարզվել։

Ստենվեյկ քաղաքում գտնվող հատվածներից մեկում գնացքը բախվել է գծերի վրա հայտնաբերված առարկաներից մեկին։ Տուժածներ չկան։

Միջադեպերի պատճառով խաթարվել են Սխիպհոլի, Էյնդհովենի, Ուտրեխտի շրջանի, ինչպես նաև երկրի կենտրոնական և հյուսիսային հատվածների երթուղիները։ Որոշ երկաթուղային անցումներ նույնպես փակվել են, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացրել ավտոմոբիլային երթևեկության համար։ Ազգային երկաթուղային օպերատոր Nederlandse Spoorwegen-ը հայտարարել է, որ խափանումների մասշտաբները թույլ չեն տվել կազմակերպել լիարժեք ավտոբուսային հաղորդակցություն՝ չեղարկված գնացքների փոխարեն։

Օրվա ընթացքում երթևեկությունը աստիճանաբար վերականգնվել է, սակայն գնացքների մի մասը դեռևս չեղարկվում էր կամ ընթանում ուշացումներով։

Միջադեպը տեղի է ունեցել Prinsjesdag-ի՝ Նիդերլանդների կառավարության կողմից բյուջեի նախագծի ներկայացման ավանդական օրը։ Նույն օրը երկրի տարբեր շրջաններում ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության՝ ազոտի արտանետումների կրճատման ծրագրերի դեմ՝ մասնավորապես ճանապարհների երկայնքով խոտի հակեր այրելով։

Farmers Defence Force բողոքի շարժման կազմակերպիչները հայտարարել են, որ կապ չունեն երկաթուղու վրա կատարված դիվերսիաների հետ, թեև չեն բացառել առանձին ֆերմերների հնարավոր մասնակցությունը։ Իշխանություններն առայժմ չեն հաստատել բողոքի ակցիաների և երկաթուղային հաղորդակցության խափանումների միջև կապը։