ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթամուղը, որը երկրին հնարավորություն է տալիս նավթ արտահանել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, կարող է վերսկսել աշխատանքը «մի քանի օրվա ընթացքում»։
«Ես ակնկալում եմ, որ այն կրկին շատ շուտով կգործարկվի»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Ռայթը։
Մոտ 1200 կիլոմետր երկարությամբ Արևելք-Արևմուտք նավթամուղը միացնում է Սաուդյան Արաբիայի արևելքի նավթահանքերն ու վերամշակող հզորությունները Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգստին։ Դրա շնորհիվ երկիրը կարող է արտահանման մի մասն ուղղել դեպի արևմուտք՝ առանց Հորմուզի նեղուցն օգտագործելու, որը նավթի փոխադրման համաշխարհային առանցքային ուղիներից մեկն է։
Սաուդյան Արաբիայի իշխանություններն անցած շաբաթ հայտնել էին այս երթուղով նավթի մղման ժամանակավոր դադարեցման մասին՝ Եմենում Իրանի աջակցությունը վայելող հութիների հետ ռազմական գործողությունների սրման ֆոնին։
Նավթամուղի աշխատանքի վերսկսումը Սաուդյան Արաբիային հնարավորություն կտա կրկին օգտագործել նավթի արտահանման այլընտրանքային երթուղին՝ Հորմուզի նեղուցի շուրջ պահպանվող լարվածության պայմաններում։





























