Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ֆիննական Yle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կպատասխաներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազանգին, եթե նրանք կապ հաստատեին իր հետ։
«Իհարկե, ես կխոսեմ, եթե նման հնարավորություն լինի»,- ասել է Կալլասը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կհամաձայնի՞ հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետ։
Միևնույն ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ Եվրամիությունը հիմա չպետք է երկխոսություն սկսի Մոսկվայի հետ Ռուսաստանի պայմաններով։ Ըստ նրա՝ ԵՄ-ն չի կարող հանդես գալ որպես լիարժեք միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ աջակցում է Կիևին։ Սակայն ցանկացած բանակցության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել այն հարցերը, որոնց լուծումն անմիջականորեն կախված է եվրոպական երկրներից։
Կալլասը միաժամանակ քննադատել է ամերիկացի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի մոտեցումը, որոնք վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմիցս այցելել են Մոսկվա և Կիև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի շրջանակում։
«Հուսով եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք ավելի լավ գիտեն, թե ինչպես է գործում Ռուսաստանը»,- ասել է Կալլասը՝ մեկնաբանելով Քուշների և Ուիթքոֆի դիվանագիտական ուղևորությունները։
Ըստ նրա՝ Մոսկվան հմտորեն վարում է բանակցությունները՝ օգտագործելով առավելագույն պահանջների մարտավարությունը։ Կալլասի կարծիքով՝ Ռուսաստանը նախ պահանջում է այն, ինչ նախկինում իրեն չէր պատկանում, ապա սպառնում է և սպասում, մինչև Արևմուտքը որևէ բան առաջարկի ի պատասխան։ Արդյունքում Մոսկվան ստանում է այն, ինչ նախկինում չուներ։
Կալլասը հայտարարել է նաև, որ պատերազմն արագ ավարտելու ձգտումը կարող է հանգեցնել Ուկրաինայի վրա ճնշման՝ պահանջելով հրաժարվել իր տարածքի և բնակչության մի մասից։ «Դա հեշտ ճանապարհ է։ Բայց դա երբեք չի հանգեցնի արդար և կայուն խաղաղության»,-ասել է նա։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է Ֆինլանդիայի՝ Խորհրդային Միության դեմ պատերազմների փորձը և շեշտել, որ ագրեսորին չպետք է պարգևատրել հարձակման համար։
Ըստ Կալլասի՝ Ռուսաստանը, հավանաբար, կպահանջի վերադարձնել սառեցված ռուսական ակտիվները։ Նրա կարծիքով՝ նման զիջումները չպետք է Մոսկվային տրվեն անվճար։ Ռուսաստանի առավելագույն պահանջներին, նրա կարծիքով, ԵՄ-ն պետք է հակադրի սեփական առավելագույն պահանջները՝ ավելի հավասարակշռված բանակցային դիրք ապահովելու համար։
Միաժամանակ Կալլասը հիշեցրել է, որ արդեն նստել է Լավրովի հետ նույն սեղանի շուրջ, մասնավորապես ԱՍԵԱՆ-ի և G20-ի միջոցառումների ժամանակ, որտեղ նրան անմիջականորեն ներկայացրել է Եվրամիության դիրքորոշումը։





























