Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդին հայտարարել է, որ Բաղդադը մտադիր է ընդլայնել և դիվերսիֆիկացնել նավթի արտահանման երթուղիները, ներառյալ՝ ավելացնել մատակարարումները Եվրոպա Միջերկրական ծովի միջոցով։ Դրա մասին նա ասել է երեքշաբթի Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ըստ Ալ-Զայդիի՝ Իրաքը չի կարող շարունակել կախված մնալ արտահանման մեկ ուղուց։ «Իրաքը չի կարող մնալ մեկ միջանցքի պատանդը»,- հայտարարել է վարչապետը՝ նկատի ունենալով Հորմուզի նեղուցը, որի Իրանի կողմից շրջափակումը խաթարել է նավթի մատակարարման սովորական երթուղիները Մերձավոր Արևելքում պատերազմի պայմաններում։
Ալ-Զայդին պատմել է, որ Բեռլինում Մերցի և երկուշաբթի Փարիզ կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է իրաքյան նավթի արտահանումը Եվրոպա։
Ըստ նրա՝ Իրաքը կարող է կրկնապատկել նավթի արտահանումը Միջերկրական ծովի միջոցով՝ եվրոպական երկրներին և ԱՄՆ-ին մատակարարելու համար։ Վարչապետը հայտարարել է նաև երկրում նավթի արդյունահանումը օրական մինչև 10 միլիոն բարելի հասցնելու մտադրության մասին։ Այդ ծավալի զգալի մասը, ըստ նրա, կարող է ուղղվել Եվրոպա և այլ արևմտյան երկրներ։
Նավթն ապահովում է Իրաքի եկամուտների գրեթե 90%-ը։ Մինչև Մերձավոր Արևելքում պատերազմի սկիզբը երկիրն արդյունահանում էր օրական մոտ 4 միլիոն բարել նավթ և միջինում արտահանում 3,4 միլիոն բարել, ընդ որում մատակարարումների մեծ մասն անցնում էր Հորմուզի նեղուցով։ Իրաքյան նավթի հիմնական գնորդները մնում են Արևելյան Ասիայի երկրները, առաջին հերթին՝ Չինաստանն ու Հնդկաստանը։
Ծովային երթուղիների խափանումից հետո Իրաքը սկսել է օգտագործել նավթի մատակարարման այլընտրանքային ուղիներ, դրանց թվում՝ հումքի տեղափոխումը ավտոցիստեռններով Սիրիայի տարածքով և նավթամուղով մինչև թուրքական Ջեյհան նավահանգիստ։ Սակայն այդ երթուղիները առայժմ կարող են ապահովել սովորական ծովային արտահանման միայն փոքր մասը։
Ալ-Զայդին հայտնել է նաև, որ Իրաքն ու Գերմանիան հույս ունեն հասնել իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ պայմանավորվածության, իսկ Բաղդադը դրա դիմաց մտադիր է գերմանական տեխնոլոգիաներ և սարքավորումներ գնել։
Մերցը հայտարարել է, որ գերմանա-իրաքյան համագործակցության հիմնական ուղղությունը կլինի տնտեսությունը։ Ըստ նրա՝ գերմանական ընկերություններն արդեն մասնակցում են Իրաքում էներգետիկ նախագծերին։ Մասնավորապես, Գերմանիան և Իրաքը պետք է ստորագրեն համագործակցության համաձայնագիր էլեկտրամատակարարման ոլորտում։
Կանցլերը նաև մտահոգություն է հայտնել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ հութիների վերահսկողության ուժեղացումն այս երթուղու նկատմամբ էլ ավելի է բարդացնում իրավիճակը էներգետիկ շուկաներում և ազդում է Գերմանիայի վրա։




























