Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ֆիդանն Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները։ Ալիևն էլ իր հերթին խնդրել է Էրդողանին փոխանցել պատասխան ողջույններ։

«Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաջող զարգացումը և ռազմավարական դաշնակցության ամրապնդումը։ Նրանք ընդգծել են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա համագործակցության հետագա զարգացման հանձնառությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Առանձին ուշադրություն է դարձվել էներգետիկային։ Ալիևը և Ֆիդանը քննարկել են համագործակցության հեռանկարները և այլընտրանքային էներգետիկայի ոլորտում միջազգային շուկաներ դուրս գալու նոր հնարավորությունները։

«Կողմերը նաև նշել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նշանակությունը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր տրանսպորտա-լոգիստիկ կամուրջ։ Այդ համատեքստում նրանք ընդգծել են երկու երկրների գործողությունների համակարգման անհրաժեշտությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Բացի դրանից, Ալիևը և Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- գրում են ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները։