Իրանի և Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում էր հայտարարել Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ Իրանի և Օմանի ձեռք բերած պայմանավորվածությունների մասին, հետաձգվել է այն բանից հետո, երբ Էր Ռիյադը մի շարք նոր առաջարկներ է ներկայացրել, որոնց մի մասը Թեհրանը մերժել է, իսկ մյուս մասը՝ համաձայնել ուսումնասիրել, գրում է The New York Times-ը։
Պարսից ծոցի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան NYT-ին հայտնել է, որ հանդիպումը հետաձգվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան և Իրանը փակուղում են հայտնվել Հորմուզի նեղուցի հարցում, որը տարածաշրջանի երկրների համար էներգակիրների արտահանման առանցքային երթուղին է։ Նրա խոսքով՝ հանդիպման հետաձգումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան ներկայացրել է լրացումներ, որոնցից մեկը հերքում էր Իրանի այն պնդումը, թե իբր Հորմուզի նեղուցը միջազգային ջրային տարածք չէ։ Իրանը մերժել է սաուդյան առաջարկների մի մասը, իսկ մնացածն ուսումնասիրելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել։
«Փոխհամաձայնության հասնելու նպատակով Սալալայում նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է։ Մենք նախկինի պես ցանկանում ենք ստեղծել այնպիսի երկխոսություն, որը նպաստում է մեր տարածաշրջանում կայունությանն ու տևական համագործակցությանը», — X սոցիալական ցանցում գրել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։
Նոր հանդիպման ամսաթիվը դեռևս չի հայտարարվել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի և Օմանի իշխանությունները համաձայնեցրել են համաձայնագրի ընդհանուր դրույթները, որոնք ժամանակավոր երթուղի են սահմանում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Թեհրանում հայտարարել են, որ այս երթուղու ներդրումը նշանակելու է, որ ԱՄՆ-ի և Օմանի միջև ավելի վաղ համաձայնեցված այլընտրանքային ճանապարհն այլևս չպետք է կիրառվի։
Իրանի իշխանությունները նաև հայտարարել են, որ նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակեն միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո։





























