Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը լինելու է երկարատև, սակայն ընդգծել է, որ Բաքուն «մտադիր չէ մոռանալ» Ղարաբաղյան հակամարտության իրադարձությունները։

Միաժամանակ նա մի շարք, մեղմ ասած, վիճահարույց հայտարարություններ է արել պատերազմի և հակամարտության ընթացքում Հայաստանի գործողությունների վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևը այս հայտարարություններով հանդես է եկել Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր խաղաղություն է հաստատվել, և պատերազմը դադարեցվել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է խաղաղ գործընթաց, և ես վստահ եմ, որ խաղաղությունը կլինի երկարատև։ Ամեն դեպքում, սա է Ադրբեջանի պետության դիրքորոշումը»,- ասել է Ալիևը։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը «երբեք չի մոռանա Խոջալուի զոհերին, ավերված մզկիթներն ու մշակութային օբյեկտները, իսկ այդ իրադարձությունների հիշողությունը, ըստ նրա, պետք է պահպանվի ադրբեջանական հասարակության զգոնությունը»։

Խոսելով Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի մասին՝ Ալիևը պնդել է նաև, թե ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել միայն «ռազմական կազմավորումներին» և «երբեք պատերազմ չեն վարել անզեն քաղաքացիական անձանց դեմ»։ Ըստ նրա՝ դա «համապատասխանում է ադրբեջանական ժողովրդի մտածելակերպին և սովորույթներին»։

«Մենք պետք է վրեժ լուծեինք մարտի դաշտում, և մենք լիովին հատուցել ենք կատարվածի համար։ Մեր շեհիդների արյունը վրեժխնդիր է եղել»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը առանձին անդրադարձել է նաև այն տարածքներում գտնվող մզկիթների վիճակին, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ էին։ Նա հայտարարել է, որ 65 մզկիթ ամբողջությամբ ավերվել է, իսկ որոշ մյուսները գտնվել են կիսաքանդ վիճակում։

Ալիևը նաև մեղադրել է Հայաստանին այն բանում, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության ընթացքում մզկիթներում, իբր, պահվել է անասուն, այդ թվում՝ խոզեր և կովեր՝ դա անվանելով «ադրբեջանցիների և ամբողջ իսլամական աշխարհի միտումնավոր նվաստացում»։