ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը ձգտում է առգրավել մոտ 61 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ, որը, ամերիկյան իշխանությունների վարկածով, հանդիսանում է Իրանի նավթի անօրինական վաճառքից ստացված եկամուտ՝ պատժամիջոցները շրջանցելով։ Գերատեսչության տվյալներով՝ ստացված միջոցները նախատեսված էին Իրանի կառավարության և դրա հետ կապված ռազմական կառույցների, ներառյալ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսավորման համար։

Ինչպես երկուշաբթի հայտնել է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազությունը, դատարան է ներկայացվել կրիպտոակտիվների առգրավման վերաբերյալ քաղաքացիական հայց։ Գերատեսչությունը պնդում է, որ կրիպտոարժութային ընկերությունների և հասցեների ցանցի միջոցով անցել են իրանական նավթի վաճառքից ստացված ավելի քան 1,5 միլիարդ դոլարի միջոցներ։

Ըստ հայցի նյութերի՝ երկու չինական ընկերություն՝ Blessed Trust-ը և Hexa Whale-ը, օգտագործել են ԱՄԷ-ում գործող Binance կրիպտոարժութային բորսայի առևտրային հաշիվները՝ իրանական նավթի և նավթամթերքների վաճառքից ստացված միջոցները լվանալու համար։ Ինչպես պնդում է ամերիկյան կողմը, ընկերությունները գումարներ են փոխանցել Իրանի կառավարությանը, դրա ներկայացուցիչներին և դրա հետ կապված կառույցներին։

Քննության վարկածով՝ Blessed Trust-ը և Hexa Whale-ը իրենց ներկայացրել են համապատասխանաբար որպես ակտիվների կառավարման և հումքային շուկաների բրոքերային սպասարկման ընկերություններ, սակայն իրականում մասնակցել են իրանական նավթի առևտրից ստացված եկամուտների փոխանցմանը և օգնել են սովորական փողը փոխարկել կրիպտոարժույթի։

Ամերիկյան իշխանությունները նաև հայտնաբերել են միմյանց հետ կապված կրիպտոարժութային հասցեների խումբ, որը գործի նյութերում նշված է որպես Entity A։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ դրանց միջոցով փոխանցվել է իրանական նավթի անօրինական վաճառքից ստացված ավելի քան 1,5 միլիարդ դոլարի եկամուտ։ Ինչպես պնդվում է, միջոցներն ուղղվել են ԻՀՊԿ-ի հետ կապված ֆինանսական ընկերություններին, կրիպտոարժութային հասցեներին և իրանական կրիպտոարժութային բորսային։

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ սխեմայի մասնակիցները օգտագործել են գործարքների և կրիպտոարժութային հասցեների բարդ համակարգ՝ միջոցների ծագումն ու վերջնական սեփականատերերին թաքցնելու համար։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ ընկերությունները նաև ներգրավել են ԱՄՆ-ի ֆինանսական համակարգը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների գործարքներ իրականացնելու համար։

Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատախազի տեղակալ Շոն Բաքլին հայտարարել է, որ իշխանությունների գործողություններն ուղղված են Իրանի կառավարությանը և ԻՀՊԿ-ին այն միջոցներից զրկելուն, որոնք, ամերիկյան կողմի կարծիքով, կարող են օգտագործվել ռազմական և ահաբեկչական գործողությունների համար։

Նյու Յորքի ՀԴԲ բաժանմունքի ղեկավար Ջեյմս Բարնաքլը հայտարարել է, որ գերատեսչությունը մտադիր է կասեցնել կրիպտոարժույթի օգտագործումը պատժամիջոցները շրջանցելու և արգելված գործունեությունը ֆինանսավորելու նպատակով։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունն առանձին ընդգծել է, որ առգրավման վերաբերյալ քաղաքացիական հայցը միայն հայտարարություն է գույքի և հանցագործության միջև կապի մասին։ Այս մեղադրանքները ապացուցված չեն համարվում, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել հօգուտ Միացյալ Նահանգների։