Իսրայելը կրկին կհարվածի Իրանին, եթե դա անհրաժեշտ համարի, հայտարարել է Իսրայելի Ատոմային էներգիայի հանձնաժողովի գլխավոր տնօրեն Մոշե Էդրին՝ ելույթ ունենալով Վիեննայում Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ԱԷՄԳ) 70-րդ Գլխավոր համաժողովում, հայտնում է The Times of Israel-ը։
«Ակնհայտ է, որ Իրանում այաթոլլաների արմատական ռեժիմի կողմից Իսրայելի պետությունը ոչնչացնելու հրապարակային սպառնալիքը մի բան է, որը մենք չենք կարող անտեսել»,- հայտարարել է Էդրին։
Ըստ նրա՝ Իսրայելը «չի կարող ձեռքները ծալած նստել» նման սպառնալիքի առջև։
«Մենք գործել ենք մեր գոյությունն ապահովելու համար և դա կրկին կանենք, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Իսրայելի Ատոմային էներգիայի հանձնաժողովի ղեկավարը։
Էդրին միաժամանակ քննադատել է ԱԷՄԳ-ին՝ Գլխավոր համաժողովի օրակարգում Իսրայելի ենթադրյալ միջուկային ծրագրին նվիրված կետի պահպանումը շարունակելու համար։ Ըստ նրա՝ այդ հարցը «քաղաքական բնույթ» ունի և ամբողջությամբ դուրս է գործակալության կանոնադրության ու մանդատի շրջանակից։
Իսրայելի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ կետի քննարկումը միաժամանակ շեղում է ԱԷՄԳ-ի ուշադրությունն առանցքային հարցերից, մասնավորապես՝ «Իրանի կողմից երաշխիքների մասին համաձայնագրի խախտումներից» և գործակալության հետ Թեհրանի համագործակցությունից։
Էդրիի հայտարարությունը հնչել է Իրանի և ԱԷՄԳ-ի միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին։ Անցած շաբաթ գործակալության Կառավարիչների խորհուրդը 20 տարվա ընթացքում առաջին անգամ որոշում է ընդունել Իրանի միջուկային գործունեության հարցը փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Թեհրանին մեղադրելով տեսուչների հետ անբավարար համագործակցության մեջ։ Իրանը մերժել է այդ մեղադրանքները և ԱԷՄԳ-ի գործողությունները որակել քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։





























