«Թալիբան» շարժման իշխանությունները ժամանակավորապես լրացուցիչ աշխատակիցներ են ուղարկել Գերմանիա՝ գերմանական կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որոնք կոչված են ապահովելու հարյուրավոր աֆղանստանցի քաղաքացիների արտաքսումը հայրենիք, հաղորդել է dpa-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ԱԳՆ-ին։

Գերատեսչության տվյալներով՝ աֆղանստանցիների վերադարձի համար անհրաժեշտ է ձևակերպել փաստաթղթեր, որոնք ճանաչում են Աֆղանստանի փաստացի իշխանությունների ներկայացուցիչները։ Արտաքսումների թիվն ավելացնելու ծրագրերի հետ կապված՝ Գերմանիան պետք է նաև ապահովի անհրաժեշտ տեխնիկական պայմանները։

«Որպեսզի հնարավորինս արագ ստեղծվեն այդ պայմանները, երկիր է ժամանել տեխնիկական աջակցության խումբ՝ կարճ ժամկետով», — հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ում։

Ներկա օրենսդրական շրջանի ընթացքում Գերմանիան անցած տարվա մարտի սկզբից Աֆղանստան է արտաքսել 228 տղամարդու, որոնց մեծ մասը դատապարտված էր իրավախախտումների համար։ Այդպիսի վերջին չվերթը երեքշաբթի Լայպցիգից մեկնել է Քաբուլ։ Ինքնաթիռում եղել է 23 մարդ, որոնք պարտավոր էին լքել Գերմանիան։

Արտաքսումներին աջակցելու նպատակով գերմանական իշխանություններն ավելի վաղ թույլ էին տվել ժամանակավորապես Գերմանիայում Աֆղանստանի դիվանագիտական ներկայացուցչություններ գործուղել «Թալիբան»-ի կողմից նշանակված առանձին դիվանագետների։ Դրանից առաջ այդ առաքելությունները ներկայացնում էին Աֆղանստանի նախկին կառավարության կողմից նշանակված դիվանագետները։

Հունիսի սկզբին ծրագրված զանգվածային արտաքսումը չեղարկվել էր, քանի որ թալիբները հրաժարվել էին համագործակցել գերմանական իշխանությունների հետ։ Շարժման ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել, որ, իրենց կարծիքով, Գերմանիայի ԱԳՆ աշխատակիցները բավարար պատրաստակամություն չեն ցուցաբերել երկխոսության հարցում։

«Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ համագործակցելու Բեռլինի որոշումը քննադատության է ենթարկվում, այդ թվում՝ գերմանական «կանաչների» կողմից։ Կառավարության ընդդիմախոսները կարծում են, որ Գերմանիան զիջումներ է անում շարժմանը՝ արտաքսումները կազմակերպելու համար, թեև պաշտոնապես չի ճանաչում նրա կառավարությունը։ Չճանաչման գլխավոր պատճառներից մեկը մնում են մարդու իրավունքների խախտումները, հատկապես կանանց և աղջիկների իրավունքների սահմանափակումները։