Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ այս շաբաթ Սև ծովում թուրքական նավի և նրան օգնության մեկնած մեկ այլ նավի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
ԱԳՆ-ի տվյալներով՝ միջադեպերը տեղի են ունեցել չորեքշաբթի և հինգշաբթի։ Lider Bordo Mavi կոնտեյներակիրը չորեքշաբթի ենթարկվել է հարձակման Սև ծովի ռուսական ափերի մոտ։ Հաջորդ օրը հարձակման է ենթարկվել Lider Kocatepe նավը, որն ուղարկվել էր կոնտեյներակրին քարշակելու համար։
«Հանդիպման ընթացքում Թուրքիան նախազգուշացրել է Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անվերապահ անհրաժեշտության մասին», — նշվել է գերատեսչության հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն չի հայտնել հնարավոր տուժածների մասին։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ վնասված կոնտեյներակիրը քարշակվել է Սամսունի նավահանգիստ։
Անկարան վերջին շաբաթներին բազմիցս կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները։ Հակամարտության շրջանակում երկու կողմերն էլ փորձում են վնաս հասցնել հակառակորդի արտահանման եկամուտների աղբյուրներին։ Ռուսաստանը լայնածավալ ներխուժումն Ուկրաինա սկսել է 2022 թվականի փետրվարին։
Թուրքական առևտրանավերն ակտիվորեն աշխատում են Սև ծովում, այդ թվում՝ այլ պետությունների դրոշների ներքո։ Ավելի վաղ նման մի քանի նավեր ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի հարձակումների, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Ուկրաինայից։
Թուրքիան, որը ՆԱՏՕ անդամ է, պահպանում է հարաբերությունները թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի հետ և չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 8-ին կոչ է արել Սև ծովում հարձակումների մորատորիում սահմանել։ Նրա խոսքով՝ հակամարտությունն ընդգրկել է ամբողջ ջրատարածքը, իսկ առևտրային նավերը «ենթարկվում են անխտիր հարձակումների»։




























