Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը կարող է հաշտեցման ուղղված բանակցությունների նոր փուլի մեկնարկը նշանավորել: Հայտարարությունը հունիսի 4-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկյալտերն է հնչեցրել: Նշենք, որ հիշյալ հանդիպումը կազմակերպելու առաջարկը Հայաստան այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է ներկայացրել:

Դիդյե Բուրկհատերն այնուհետեւ Մինսկի խմբի ձեւաչափի կարեւորությունն է ընդգծել: «Լիարժեք հարգանքով եմ վերաբերվում այս բարդ խնդրի լուծման ձեւաչափին: Մենք չենք թերագնահատում ոչ խնդրի բարդությունը, եւ ոչ էլ` կարեւորությունը», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Դիդյե Բուրկհալտերի խոսքով, «կորուստներ եղել են, բայց մենք չենք մոռանում դրանց մասին»: Նրա համոզմամբ, ներկայիս ստատուս-քվոն ոչ մի լավ հեռանկար չի խոստանում, հետեւաբար անհրաժեշտ է քայլ առ քայլ դեպի խաղաղություն շարժվել: Շվեյցարիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, բոլոր ջանքերը հրադադարի ռեժիմի ամրապնդմանը եւ այնպիսի (շփման գծում գրանցվող միջադեպերի քննության – խմբ.) մեխանիզմի ստեղծմանն է ուղղելու, որը ողջունելի կլինի բոլորի կողմից:

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է հակամարտությունը մադրիդյան սկզբունքների եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծելու անհրաժեշտությունը: «Մենք կարող ենք միջնորդական առաքելությամբ հանդես գալ, փորձագիտական մասնակցություն, ինչպես նաեւ քաղաքական եւ ֆինանսական աջալցություն ապահովել», - ընգծել է Բուրկհալտերը` հավելելով, որ հնարավոր է նաեւ վստահության մթնոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումների տեսքով աջակցության ցուցաբերում, ինչպես, օրինակ` մարդկանց միջեւ ուղիղ շփումների հաստատումն ու էկոլոգիական խնդիրների հանգուցալուծումն են: «Խաղաղության տարածումը Շվեյցարիայի սահմանադրության մեջ ամրագրված նպատակներից մեկն է հանդիսանում», - ամփոփել է Բուրկհալտերը: