Գազի բարձր սակագնի շուրջ մտորումների աղբյուրը դեռեւս Հայաստանն է, եւ ոչ` Ռուսաստանը: Տեսակետը հունիսի 5-ին լրագրողներին տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն է հայտնել: «Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի Ռուսաստանի հետ` գազի բազային գնի վերաբերյալ, եւ 2014թ. այն այլեւս փոփոխման ենթակա չէ: Գազի սակագնի շուրջ մտորումներն այլ հարցի շուրջ պետք է լինեն` ինչո՞ւ է բաշխիչ ընկերության` «Գազպրոմ Արմենիայի» վերադիրն այդքան բարձր: Այլ երկրներում բաշխիչ ընկերություններն այդքան բարձր մարժա չեն վերցնում», - նկատել է տնտեսագետը:
Նշենք, որ ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին հազար խ.մ.-ի դիմաց 189 դոլար է կազմում: Խոշոր սպառողներին (ամսական 10 հազար խ.մ. եւ ավելի) կապույտ վառելիքը 276,98 դոլարով է տրամադրվում, մնացած դեպքերում` 156 հազար դրամով (ընթացիկ փոխարժեքով` շուրջ 377 ԱՄՆ դոլար):





























