Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հավատում, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունն այսօր հրապարակված իր հոդվածում անվանել է իդիոտիզմ։
Այսօր՝ հունիսի 5-ին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի հասցրել ծանոթանալ մամուլին։
«Ամեն դեպքում նման լեքսիկոնով դժվար թե խոսեր առաջին նախագահը։ Առիթը չեմ տեսնում մեր մասին նման կոշտ բառապաշարով խոսելու։ Պատճառն էլ, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Երբ որ ծանոթանամ հոդվածին ու զգամ, որ անհրաժեշտ է արձագանքել, անպայման կարձագանքեմ, կիմանաք»,- ասաց վարչապետը՝ շրջանցելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածի հետ կապված բոլոր հարցերը։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ ինչ դիրքորոշում ունի վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիան թանկացնելու նախաձեռնության վերաբերյալ։ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պաշտոնական դեռ ոչինչ չկա, հետեւաբար այդ մասին ինքը դեռ չի խոսի։
Լրագրողներին նաեւ հետաքրքրում էր՝ արդյոք ԵՏՄ մտնելու դեպքում մաքսակետ է գործելո՞ւ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ, Հովիկ Աբրահամյանն այս հարցին չպատասխանեց ու շտապեց մտնել ՀՀԿ գրասենյակ։




























