Քիչ հետո Գորիսի 9 ընտրատեղամասերը կփակվեն եւ կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: Թիվ 37/3 ընտրատեղամասի հանձաժողովի նախագահ Ռադիկ Հովհաննիսյանը ամփոփում է ընտրությունների արդյունքները: Վերջինիս դիտարկմամբ՝ ընտրողները պասիվ մասնակցություն են ցուցաբերել, առավել ակտիվ են եղել միջին տարիքի մարդիկ եւ թոշակառուները:
Հանձնաժողովի նախագահը նաեւ նշել է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված՝ ընտրախախտումներ հիմնականում չեն արձանագրվել:
Իսկ ընտրատարածքային ընտրական հանձանժողովից տեղեկացնում են, որ թեեւ տեղամասային հանձնաժողովները ցածր են գնահատում մասնակցության ցուցանիշը, այնուամենայնիվ ավագանու ընտրություններից բարձր է:
«Չէի ուզում գալ ընտրության, բայց որոշեցի վերջին պահին իմ ձայնը տալ արժանավորին»,- նշել է թիվ 37/3 ընտրատեղամասի վերջին ընտրողը: Նա նշել է, որ մի բանի համար է ափսոսում, դժվարանում է հրապարակային ասել, որ իր ձայնն ուզում էր ուրիշին տա: «Եթե այդ անձնավորությունը չկա իմ ձայնն իմ ընտրյալին կտամ, թող արաժանավորը հաղթի»,-ասել է ընտրողը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, տեղի են ունենում գորիսի քաղաքապետի ընտրությունները, որոնց մասնակցում են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր դրել 4 մարդ, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեցին:





























