Բուլղարիայի իշխանությունների` «Հարավային հոսք» գազատարի շինարարության դադարեցման մասին հայտարարությունից հետո հարեւան Սերբիան ստիպված է պաշտոնական Սոֆիայի օրինական հետեւել: Հայտարարությունը հունիսի 9-ին երկրի փոխվարչապետ, տրանսպորտի եւ ենթակառույցների գծով նախարար Զորան Միխայլովիչն է հնչեցրել:

«Կենտրոնում Բուլղարիան է: Այնպես որ, նախքան Սոֆիա-Բրյուսել եւ ԵՄ-Ռուսաստան բանակցությունների ավարտը, մենք էլ ստիպված ենք լինելու կանգ առնել: Ռուսաստանն, իհարկե, կարող է երթուղու մեջ փոփոխություն մտցնել: Բայց երկու դեպքում էլ մեր երկրի տարածքում իրականացվող աշխատանքների հետաձգումն անխուսափելի է», - բելգրադյան “Բլից” պարբերականին վկայակոչմամբ, Միխայլովիչի խոսքերն է մեջբերում ՌԻԱ-Նովոստի գործակալությունը:

Հիշեցնենք` հունիսի 8-ին Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծի շրջանակում տարվող աշխատանքները դադարեցնելու հրահանգ է իջեցրել: Նրա խոսքով, աշխատանքները Եվրահանձնաժողովից ստացված հայցի հետեւանքով են դադարեցվել, եւ հետագա որոշումները Բրյուսելի հետ անցկացվելիք խորհրդակցությունների արդյունքում են կայացվելու: