Քաղաքական կամքի առկայության դեպքում իշխանությունը կարող է իրագործել մեր 12 առաջարկները, հունիսի 10-ին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով ոչ իշխանական քառյակի 12 կետից բաղկացած պահանջները: «Մենք փորձել ենք արձանագրել երկրի առաջ ծառացած բոլոր կարեւորագոււյն հարցերը: Դրանց լուծումը կօգնի բարելավել Հայաստանի քաղաքացիների վիճակը: Սա մեր գերխնդիրն է», - հայտարարել է Զոհրաբյանը եւ հիշեցրել, որ իշխանությունը 12 պահանջները պետք է կատարի մինչեւ սեպտեմբերի 30-ը: «Կարծում ենք՝ ցանկության դեպքում այդ ժամկետը միանգամայն բավական է», - հայտարարել է նա:
Պահանջները վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Նաիրիտի» վերագործարկմանը, երթեւեկության կանոնների խախտումների համար գործող տուգանքների վերանայմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցմանը, ինչպես նաեւ ցանկացած ինտեգրումից հեռու մնալուն, որը կվնասի Հայաստանի եւ ԼՂ-ի միասնական տնտեսական տարածքին:





























