Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սիրիայի հետ կապված հարցին պատասխանելով՝ ծանր դրության մեջ է գցել Էրդողանին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet պարբերականը, Թուրքիա-Իրան բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի առաջին նիստից հետո Իրանի նախագահ Հասան Ռուհանին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիս են կազմակերպել եւ պատասխանել լրագրողների հարցերին։

Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցը լարվածություն է առաջացրել սրահում եւ պատճառ դարձել ասուլիսի ավարտին։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե Իրանը շնորհավորել է Սիրիայի նորընտիր նախագահ Բաշար Ասադին, Հասան Ռուհանին հաստատել է՝ շեշտելով, որ Ասադին շնորհավորական ուղերձ է ուղարկել եւ ժպտացել։ 

Այս պատասխանից հետո սրահում լարվածության հետ մեկտեղ աչքի է ընկել Իրանի նախագահի անկեղծ ժպիտը եւ վարչապետ Էրդողանի խիստ լարված եւ նյարդային հայացքը։

Նշենք, որ Իրանի նախագահը Թուրքիայում մեկ այլ տհաճ անակնկալ էր արել՝ հրաժարվելով այցելել Աթաթուրքի դամաբարան՝ դառնալով առաջին օտարեկրյա նախագահը, ով խախտել է հիշյալ ավանդույթը։