Հայաստանի ընդդիմությունը աստիճանաբար կառուցողական հուն է մտնում, հունիսի 10-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ  խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի քառյակի՝ կառավարությանը ներկայացրած 12 պահանջները:

Բաղդասարյանը նշել է, որ այդ պահանջների մեծամասնությունը կառավարությունն արդեն քննարկում է եւ արդիական է համարում. դա վերաբերում է եւ կուտակային կենսաթոշակներին, եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանքներին, եւ գյուղատնտեսական վարկերը վերադարձնելուն:  «Մենք ուրախ ենք, որ մեր ընդդիմությունն այդպիսի առողջ առաջարկներ է ներկայացրել: Ամենայն հավանականությամբ, մենք կարող ենք աշխատել փոխադարձ վստահության այսպիսի մթնոլորտում», - հայտարարել է Բաղդասարյանը:

Քառյակի պահանջները վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Նաիրիտի» վերագործարկմանը, երթեւեկության կանոնների խախտումների համար գործող տուգանքների վերանայմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցմանը, ինչպես նաեւ ցանկացած ինտեգրումից հեռու մնալուն, որը կվնասի Հայաստանի եւ ԼՂ-ի միասնական տնտեսական տարածքին: