Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունից չի բխում, թե նա ընդդիմադիր դաշտ է անցել: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը հունիսի 10-ին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է հնչեցրել: «Միգուցե դուք ավելի լավ եք հասկանում, բայց ես էլ իմ կարծիքն ունեմ», - հայտարարել է խորհրդարանականը:
ՀՀԿ-ն շարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես առաձին, բայց եւ Հայաստանի հետ մեկ տնտեսական տարածք կազմող երկիր դիտարկել: Ցանկացած միջազգային պայմանագիր կամ ինտեգրացիոն նախագիծ քննելիս Հայաստանն այդ սկզբունքով է առաջնորդվում:
Զգացական մակարդակով, մարդկանց գիտակցության մեջ Հայաստանն ու Արցածը մեկ ամբողջություն են, դրա հետ ոչ ոք չի վիճում: Սակայն ֆորմալ իրավական հենքի վրա ամեն ինչ այլ է: «Նախագայության տարիներին Քոչարյանն այլ քաղաքականություն էր ուղորդում, իսկ հիմա, իմ կարծիքով, որպես Հայաստանի քաղաքացի է խոսում», - նկատել է պատգամավորը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխան է հղել ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարություններին: Վերջինս նկատել էր, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի ֆորմալ միասնության մասին հայտարարությունները «ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»:
Ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը Շավարշ Քոչարյանին «քաղաքական ակրոբատիզմի» մեջ է մեղադրել` հայտարարելով, որ փոխնախարարը «մեկ գիշերվա ընթացքում եվրոինտեգրման «համոզված» կողմնակցից Մաքսային միության ոչ պակաս «համոզված» ջատագովի է վերածվել»: «Երեւի թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ Անկախության հռչակագրի հեղինակ /Կարեն Բաբուրյանի հետ միասին/, ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ եւ ԼՂՀ առաջին նախագահ, փոխնախարարից շատ ավելի լավ գիտի, թե ինչպես եւ ինչու ԼՂՀ ստեղծման ճանապարհով ինքնորոշման իրավունք իրագործվեց: Բացի այդ, Ղարաբաղյան շարժման էությունն ու կարգախոսը մեկն էր՝ «Միացում», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:




























