Եթե ոչ իշխանական ուժերի խորհրդարանական քառյակը «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությունն ապահովելու կարիք զգա, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կարվեն: Հայտարարությունը հունիսի 10-ին խորհրդարանում «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է հնչեցրել:
Իր հերթին, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ եթե «Օրինաց երկիրը» քառյակի հետ համագործակցելու համաձայնություն տար, ապա այն հանրությանն այլեւս «հնգյակի» տեսքով ներկայացված կլիներ:
Հիշեցնենք` ոչ իշխանական ուժերի քառյակն այսօր` հունիսի 10-ին 12 կետերից բաղկացած պահանջ է ներկայացրել իշխանություններին, որոնք կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի վերացմանը, «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի վերանայմանը, խորհրդարանական ընտրությունների` 100 տոկոս համամասնական համակարգի անցմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական միասնությանը վնասող ցանկացած միջազգային ինտեգրացիոն նախագծից հրաժարմանն են վերաբերում:





























