Ի տարբերություն ծիրանի՝ 2010 թվականը խաղողի առումով բերքառատ տարի է լինելու: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Եթե անցած տարի մթերել ենք 127 հազար 300 տոննա, ապա այս տարի ծավալները, բնականաբար, ավելի կլինեն»,- նշել է Գերասիմ Ալավերդյանը:

Կարտոֆիլի ու բանջարեղենի բարձր գների խնդրին անդրադառնալով՝ նախարարն ասել է. «Անցած տարի 2000 հեկտարով պակաս կարտոֆիլի ցանքս ենք ունեցել, բայց բերքատվության հաշվին ունեցել ենք 600 հազար տոննա կարտոֆիլ: Գները շուկան է որոշում: Անցած տարի իրացման հետ կապված խնդիր են ունեցել, այս տարի  որոշել են ավելի շատ արտահանեն»: Գերասիմ Ալավերդյանի վստահեցմամբ՝ գները կմեղմվեն, իսկ ներկայիս բարձր գները պայմանավորված են բնակլիմայական ոչ բարենպաստ պայմաններով։ Իր խոսքով՝ տարին հետ է ընկել, դեռ ջերմոցային ապրանքն է, այդ պատճառով էլ բարձր են նաեւ բանջարեղենի գները: