Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշաննների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից»  նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանը, որը նախօրեին մասնակցում էր նախաձեռնության կազմակերպած ավտոերթին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ պահանջեց ներեղություն խնդրելՊՊԾ-ի հետ բախման ժամանակ իրենց ստացած կապտուկների և հոգեբանական ճնշման համար:

«Ոչ արձանագրեցին, ոչ կարողացան ապացուցել մեր կատարած հանցանք-զանցանքը, դրանից հարց է ծագում՝ ինչի՞ տարան: Ո՞վ է մեզանից ներողություն խնդրելու քաշքշուկի հետևանքով մեր վրա առաջացած կապտուկների, հոգեբանական ճնշման համար: Իմ ընտանիքը նստած ինտերնետային կայքով նայում է, թե ոնց են ինձ ձեռնաշղթա հագցնում : Չորս հոգուս նենց տարան, ոնց որ Բեն Լադենի տեռորիստներ ենք, ազգի դեմ ենք հելել և պատրաստվում ենք 500 հարյուր հոգու մորթել: Քաշելով, ուրիշ կերպ չեմ կարող ասել, գետնին քարշ տալով հրոսակների նման ոստիկանությունը հրոսակաբար մեզ տարավ: Ո՞վ է մեզանից ներողություն խնդրելու մեզ պատճառած թե հոգեկան, թե ֆիզիկական վնասի համար»,-ասաց Արտաշես Միսակյանը:

Հիշեցնենք, որ նախորդ օրը նախաձեռնության կազմակերպած ավտոերթը ընդհատվել էր ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման պատճառով: Երթի մասնակիցներից 4-ը բերման էին ենթարկվել: Նրանց քիչ անց ազատ էին արձակել ոստիկանության բաժնից՝ առանց վարչական պատասխանատվության մասին արձանագրություն կազմելու:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am