Սոմալիում միջկլանային բախումների արդյունքում 14 մարդ է մահացել: Երկրի ռադիոյով տարածված հաղորդագրության համաձայն, մի քանի կլաններ ներկայացնող աշխարհազորայինների միջեւ ընդհարումները հյուսիս-արեւելքում գտնվող Գալգադուդ շրջանում են տեղի ունեցել: Իրադրության լարման պատճառը դեռեւս հայտնի չէ:
«Զոհվածների թիվը 14-ի է հասել, վիրավորներն անհամեմատ ավելի շատ են», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, հայտարարել է շրջանի առաջնորդ Էլմի Ադանը:
Երկրի վարչապետ Աբդիվելի Շեյխ Ահմեդի խոսքով, հիշյալ միջադեպը անցումային կառավարության եւ Աֆրիկյան միության` Սոմալիում տեղակայված խաղաղարար զորակազմի կողմից «Ալ-Քաիդայի» տեղական մասնաճյուղը համարվող «Աշ-Շաբաբ» խմբավորման դեմ մղվող պայքարի հետ ոչ մի առնչություն չունի:
Մինչ 2011թ. երկրի հարավային եւ կենտրոնական շրջանների մեծ մասը «Աշ-Շաբաբի» վերահսկողության տակ էին գտնվում:





























