Իսպանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել երկրի թագավոր Խուան Կառլոսին գահից հրաժարվելու թույլտվություն տվող օրինագծին:

Իսպանիայի երկու հիմնական կուսակցությունների ներկայացուցիչները` թվով 299 պատգամավոր, սահմանադրական ուղղման օգտին են արտահայտվել: Եւս 19 խորհրդարանական «դեմ» է քվեարկել օրինագծին:

Օրինագծին դեմ արտահայտված պատգամավորները, որոնք մանր կուսակցությունների ներկայացուցիչներ են, պետության քաղաքական կառույցի մասին հանրաքվե անցկացնելու կոչով են հանդես եկել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նշենք, որ թագավորի դստեր եւ փեսայի մասնակցությամբ մի շարք կոռուպցիոն սկանդալներից հետո արքայական ընտանիքի հեղինակության կտրուկ անկում է գրանցվել:

Խուան Կառլոսի որդին` Ֆիլիպը հոր գահը ժառանգելու համար կրկին իսպանական Սենատի հավանությունը պետք է ստանա:

76-ամյա միապետը գահից հրաժարվելու որոշման մասին հունիսի 2-ին է հայտարարել` մեկնաբանելով, թե ցանկանում է շանս տալ երիտասարդ սերնդին: