Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի եւ Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների եւ գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների եւ էկոնոմիկայի դաշնային նախարարության միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության եւ ԱՀ կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»:
Այցի շրջանակներում ստորագրվել է նաեւ երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության եւ «Էռստե» բանկի միջեւ» եւ եւս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջեւ՝ սարքավորումների մատակարարման մասին»:
Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:
































