«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, որոնք մի քանի օր առաջ թուրք վարորդների են պատանդ վերցրել, վերջիններիս ազատ արձակելու համար 5 մլն ԱՄՆ դոլար են պահանջում, հաղորդում է Hurriyet պարբերականը:

Հիշեցնենք` հունիսի 10-ին գրոհայինները թուրքական Իսկենդերուն նավահանգստից Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի «Գեյարա» ջերմակայանի ուղղությամբ դիզելային վառելիք տեղափոխող 31 վարորդների էին պատանդ վերցրել:

ՌԻԱ-Նովոստի գործակալության հաղորդմամբ, առեւանգված վարորդները Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում են աշխատում: Տրանսպորտային ընկերության տվյալներով, գրոհայինները նրանցից 21-ին ջերմակայանի տարածքում են պահում, մնացած 10-ին տեղափոխել են անհայտ ուղղությամբ, գրում է թուրքական պարբերականը:

Ահաբեկիչները կապի մեջ են մտել ընկերության հետ եւ հավատիացրել, որ պատանդների մոտ ամեն ինչ կարգին է: Նրանց ազատ արձակման համար 5 մլն ԱՄՆ դոլարի չափով գլխագին է պահանջվել:

Հունիսի 11-ին առեւանգված վարորդներից մեկին հաջողվել էր CNN Turk հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնվել: Նա բջջային հեռախոսով հայտնել էր, որ իրենց ինչ-որ մութ ու ցուրտ վայրում են պահում եւ գրեթե չեն կերակրում: «Կարծես բանտում լինենք: Ընդամենը չոր հաց են տալիս: Բջջայինները թաքցրել ենք: Խնդրում ենք մեր կառավարությանը` փրկեք մեզ», - ասել էր նա: